Հակամարտությունները շատ ավելի դժվար են լուծվում եւ ավելի են ձգձգվում, միջին հաշվով, դրանք 20 տարի տեւում են: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը` ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում:

Նրա խոսքով՝ աշխարհում սպառնալիքների ոչ միայն թիվն է աճում,  այլեւ բնույթն է փոխվում: «Զինված հակամարտությունները, ընդհանուր առմամբ, քչացել են, սակայն Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայի շրջաններում նրանց թիվը աճում է: Հակամարտությունները շատ ավելի դժվար են լուծվում եւ ավելի են ձգձգվում, միջին հաշվով, դրանք 20 տարի տեւում են: Սա նշանակում է, որ մարդիկ, ովքեր ստիպված են հեռանալ իրենց տներից, ավելի շատ ժամանակ են անցկացնում իրենց հայրենի վայրերից հեռու», - ասել է ՄԱԿ ղեկավարը:

Գուտերեշի խոսքով՝ այս խնդիրների լուծման եւ կանխարգելման մոտեցումը պետք է լինի լավ համակարգված: Այս ջանքերը պետք է ներառեն զարգացմանը, մարդու իրավունքների եւ հավասարության ապահովմանը ուղղված միջոցներ: