ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը չորեքշաբթի հեռախոսով քննարկել են Էր Ռիադի միապետի պաշտոնական նստավայրի վրա հրթիռային հարձակման փորձը, ինչպես նաեւ Իրանի դեմ հակազդեցության հարցը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հարձակումը իրականացվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աջակցությամբ։   Թագավորության ղեկավարը  նախագահ Թրամփին պատմել  է ներկա իրավիճակի եւ Եմենում հումանիտար ճգնաժամի թեթեւացման Սաուդյան Արաբիայի ծրագրերի մասին։

«Ղեկավարները քննարկել են ՄԱԿ-ի հետ համագործակցության կարեւորությունն Իրանին  միջազգային նորմերի կրկնվող խախտումների համար պատասխանատվության ենթարկելու համար: Նրանք  ընդգծել են  Եմենում պատերազմը դադարեցնելու համար քաղաքական գործընթացը  ակտիվացնելու կարեւորությունը»,- նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ սաուդյան հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել էին Էր Ռիադի հարավի ուղղությամբ հուսիների կողմից Եմենի տարածքից արձակված  «Բուրկան 2» հրթիռը՝ շատ նման նոյեմբերի 4-ին մայրաքաղաքի մոտ խոցված հրթիռին։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։

Ապստամբների հայտարարության մեջ նշված էր, որ  հրթիռի թիրախը Յամամ թագավորական ամրոցն է եղել, որտեղ այդ ժամանակ անցկացվել է Սաուդյան պաշտոնյաների ընդլայնված հանդիպումը: «Հարվածը  բացեց հակասության նոր, նախորդից ամբողջովին տարբերվող փուլ»,-ընդգծել են  հուսիները՝ հավելելով,  որ «ոչ ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության անձրեւանոցը, ոչ էլ միջազգային պաշտպանությունը» չեն կարող  պաշտպանել թագավորության ղեկավարներին: