Նախկին Հարավսլավիայի հարցով Միջազգային տրիբունալը միջազգային քրեական արդարադատության ժամանակակից համակարգի սկիզբն է դրել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ Հաագայում այս մարմնի աշխատանքի դադարեցմանը նվիրված արարողությանը:
Տրիբունալը ստեղծվել է 1993-ին՝ Նյուրնբերգից համարյա կես դար անց:
Գուտերեշը հիշեցրել է, որ վերջին տարիներին Տրիբունալը հինգ հազար մարդու վկայություն է լսել եւ 90 հանցագործի ցեղասպանության, ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար դատապարտել է:
«Բայց Տրիբունալը միայն թիվ չէ, այն հնարավորություն է տվել զոհերին իրենց ձայնը լսելի դարձնել: Սարսափելի բռնություններ վերապրած մարդիկ հնարավորություն են ունեցել դատարանում իրենց դժբախտության մասին պատմել՝ համոզված լինելով, որ պատմությունը կպահպանի իրենց վկայությունները, իսկ հանցագործները կպատժվեն», - ասել է նա:




























