Թուրքիան զրոյի է հասցրել հարեւանների թիվը, որոնց հետ պրոբլեմներ չունի։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Խոսելով Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հայտարարության մասին՝ Շարմազանովը նշել է, թե այդ հայտարարությունը տարօրինակ եւ անընդունելի է ու միայն Հայաստանի, այլեւ բոլոր կողմերի համար։ «Հայ-թուրքական արձանագրությունները առանց նախապայմանների արձանագրություններ են, եւ Թուրքիայի ԱԳ նախարարի որեւէ բառ ընդգրկված չի եղել արձանագրություններում»։
Ըստ Շարմազանովի, խոսելով ինչ-որ նախապայմանների կամ խոստումների մասին՝ դա ընդամենը իրականության խեղաթյուրումն է, եւ Թուրքիան փորձում է պատասխանատվությունն իր վրայից հանել։ «Թուրքիայի իշխանությունը իրականացրել է քաղաքականություն, որը չի բխում տարածաշրջանային անվտանգության շահերից։ Թուրքիան հայտարարել էր «Զրո պրոբլեմ հարեւանների հետ», բայց այսօր զրոյի է հասցրել հարեւանների թիվը, որոնց հետ պրոբլեմներ չունի»,- նշել է նա եւ հավելել. «Մենք մերժում ենք ցանկացած նախապայման։ Հայ-թուրքական հարաբերությունները կապել ղարաբաղյան հակամարտության հետ նույնքան տարօրինակ է, եթե մենք դա կապենք թուրք-կիպրական հարաբերությունների հետ»։




























