32-ամյա ծննդկանի մահվան մեջ մեղադրվող Վանաձորի ծննդատան ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանի շահերի պաշտպանը 3 միջնորդություն է ներկայացրել: NEWS.am-ի հետ զրույցում Արտակ Ոսկանյանը նշեց, որ միջնորդել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակել, իրեն տրամադրել փորձաքննության եզրակացության մեջ նշված բոլոր ապացույցների պատճենները եւ հարցաքննել դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը տված բոլոր փորձագետներին:
«Փորձաքննության եզրակացությունն անթույլատրելի պետք է ճանաչվի, որովհետեւ փորձագետի եզրակացության հետազոտական մաս գոյություն չունի, այն ընդամենը քրեական գործի նյութերի շարադրանքն է: Պետք է հետազոտական մասը հստակ շարադրեր՝ ինչ հետազոտություններ են կատարվել, որի արդյունքում ինչ-որ հետեւությունների հանգեր: Բացի այդ տրամաբանական կապ պետք է լիներ հետազոտության եւ հետեւություններ բաժնի միջեւ, այդ դեպքում այդպես չէ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ քննիչը միջնորդություն էր ներկայացրել Լոռու դատախազին՝ միջնորդելով դադարեցնել ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանի պաշտոնավարությունը: Դատախազը, սակայն մերժել էր միջնորդությունը, պատճառաբանելով, թե Շահվերդյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու հիմքերը բացակայում են:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախնական քննությամբ փաստացի տվյալներ են ձեռքբերվել, որ 32-ամյա կինը Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 2016 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, կինը ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:40-ին, նույն բաժանմունքում նա մահացել է:
Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ 32-ամյա կնոջ ծննդաբերությունից հետո մանկաբարձ-գինեկոլոգների կողմից չեն կատարվել ծննդկանի հետծննդաբերական արյունահոսության հիմնական աղբյուր հանդիսացող վնասվածքի՝ արգանդի պատռվածքի վերականգնում եւ արյունահոսության դադարեցում։ Ըստ փորձագետների՝ ծննդկանի նկատմամբ չեն կատարվել բժշկական անհրաժեշտ միջոցառումները, որն էլ գտնվում է պատճառահետեւանքային կապի մեջ հետծննդյան շրջանում ծննդկանի մոտ արյունահոսական բարդությունների շարունակական զարգացման եւ նրա մահվան հետ:
2017թ. նոյեմբերի 10-ին վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Դավիթ Շահվերդյանին՝ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։
.jpg)



























