Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մտադիր է ներկա գտնվել Համաշխարհային տնտեսական համաժողովին, որը տեղի կունենա 2018 թվականի հունվարի 23-26-ը Դավոսում: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Times of India-ն:
«Հնդկական թեման այս համաժողովի ընթացքում ուշադրության կենտրոնում կլինի: Համաժողովի շրջանակներում կկայանան Հնդկաստանին նվիրված մի շարք նիստեր»,- հայտնել է բարձր կարգի պաշտոնյաներից մեկը:
Ինչպես նշում է թերթը, Մոդին կդառնա վերջին 20 տարվա ընթացքում Դավոս այցելած Հնդկաստանի առաջին վարչապետը: Բացի այդ, նա կլինի միջոցառման հիմնական հյուրը: Ակնկալվում է, որ Մոդիին կուղեկցի առաջատար ազգային ընկերությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների մեծ խումբ:
Հնդկաստանի կառավարության ղեկավարները, որպես կանոն, չեն մասնակցում Դավոսյան ֆորումին, քանի որ այն անցնում է հենց այն օրերին, երբ երկիրը տոնում է Հանրապետության օրը (հունվարի 26): Սակայն Մոդին որոշել է այցելել Շվեյցարիա՝ ցուցադրելու Հնդկաստանի տնտեսական եւ ներդրումային հնարավորությունները, նշում է պարբերականը:




























