Ռազմական բազաների ստեղծումը արտերկրում Ռուսաստանի համար ինքնանպատակ չէ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ի տարբերություն մի շարք պետությունների՝ մենք ռազմական ընդլայնման կողմնակիցներ չենք: Ուժերի ցուցադրման նապատակով ռազմաբազաների ստեղծումը արտերկրում ՝ այդ թվում նաեւ Լատինական Ամերիկայում, մեզ համար ինքնանպատակ չէ»,-ասել է նա:

«Իսկ ահա Արեւմուտքի՝ մասնավորապես, ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի սահմանների մոտ ռազմական ենթակառուցվածքների ընդլայնմանն ուղղված գործողությունները եւ Եվրոպայում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության տեղակայումը Մոսկվայում «խորը մտահոգության» առիթ են տալիս:

«Նման ապակառուցողական քայլերը, որոնք խաթարում են անվտանգության անբաժանելիության սկզբունքը, հանգեցնում են եվրաատլանտյան տարածաշրջանում լարվածության հետագա խորացմանը, եվրոպական մայրցամաքում բաժանարար գծերի խորացմանը: Այս համատեքստում մենք խելամիտ լրացուցիչ միջոցներ ենք ձեռնարկում՝ պաշտպանության կարողությունների բարձրացման, ազգային շահերի պաշտպանության համար»,-ասել է Լավրովը: