ԱՄՆ-ը եւ Չինաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել Փհենյանի վրա միջազգային պատժամիջոցների ազդեցության շուրջ կանոնավոր տեղեկություններ,այդ թվում՝ հետախուզական բնույթի տվյալներ փոխանակել։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Asahi ճապոնական թերթը։

Նրանց տվյալնների համաձայն՝ նման գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Պեկինում նոյեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի բանակցությունների ժամանակ: Asahi-ի աղբյուրների տվյալներով՝ խոսքը երկու երկրների ռազմական եւ հետախուզական մարմինների միջեւ կանոնավոր խորհրդակցությունների եւ թեժ գծերի ստեղծման մասին է, մասնավորապես, Կորեայի հանրապետությունում ԱՄՆ հրամանատարության եւ Չինաստանի ռազմական ղեկավարության միջեւ:

Պարբերականը հաղորդել է, որ  Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների իրականացման մասին չինական առեւտրի, մաքսային եւ ֆինանսական մարմինները որոշակի ժամանակը մեկ տեղեկացնում են  ԱՄՆ իրենց գործընկերներին:

Asahi-ի տվյալներով՝  երկկողմ խորհրդատվություններում կարող են քննարկվել նաեւ  Կորեայի թերակղզում հակամարտության կամ այնտեղ գոյություն ունեցող ռեժիմի ճգնաժամի պարագայում համագործակցության հարցեր: Խոսքը, հատկապես, Հյուսիսային Կորեայի միջուկային զենքը վերահսկողության տակ վերցնելու եւ փախստականների հոսքերը կառավարելու մասին է։