Հայաստանում իրականացվող MIBMA ծրագրի նպատակներից մեկը վիզայի ռեժիմի ազատականացմանն ուղղված երկխոսության խթանումն է: MIBMA ծրագիրը («Աջակցություն Հայաստանին միգրացիայի եւ սահմանների կառավարման ոլորտներում») ֆինանսավորվում է Եվրամիության կողմից եւ Պետական միգրացիոն ծառայության հետ համատեղ ներառում է մի շարք ոլորտներ: Ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի ապրիլին:

Ինչպես դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ծրագրի ղեկավար Կարել Հոֆսթրան, 2017-2021 թվականներին ծրագրի շրջանակներում սահմանվել է 8 հիմնական ուղղություն եւ ծրագրվել է 173 հատուկ միջոցառում:

2018 թվականին փախստականների եւ ներգաղթյալների համար ինտեգրացիոն քաղաքականության հայեցակարգի իրականացման միջոցառումների ծրագրի շրջանակներում առաջին անգամ կազմակերպվելու են կողմնորոշման դասընթացներ, սուբսիդավորվել են բնակարանների վարձույթը եւ հայերեն դասընթացները: Այդ նպատակով երկրի բյուջեից նախատեսվում է հատկացնել 18 158 հազար դրամ: Ռեադմիսիայի հարցը՝ մասնավորապես էլեկտրոնային համակարգի ներդրումը, եւս ծրագրի ուշադության կենտրոնում է:

Պատրաստվել է «Ներդրողների ներգաղթը» ուսումնասիրությունը: Հեղինակների կարծիքով՝ 6 տարվա ընթացքում հեշտացված կարգով բնակության իրավունքի տրամադրման միջոցով կարելի է 108 մլն դոլար ներդրում ապահովել :

Ծրագրի շրջանակներում պատրաստվել է ապաստան հայցողների համար նոր շենքի կառուցման նախագիծը: Շենքը նախատեսված է 120 մարդու համար, որի արժեքը մոտ 1.5 մլն դոլար կկազմի: Շինարարության մեջ  նախատեսվում է ներգրավել նաեւ միջազգային կազմակերպություններին: Ապաստան հայցողների թղթային վկայականները փոխարինվել են պլաստիկ քարտերով: Դրամական փոխանցումների գործընթացը հեշտացնելու նպատակով կայք է ստեղծվել:

Կայքի կառուցվածքը հնարավորություն է տալիս օգտվողներին գնահատել տարբեր օպերատորների առաջարկած ծառայությունները եւ ընտրել առավել հարմարը: Մեկ այլ նորարարություն է նաեւ էլեկտրոնային գրադարանի ստեղծումը:

Ծրագրի ղեկավարի խոսքով՝ կարեւոր է, որպեսզի եվրոպական հանրությունը հստակ տեսնի, թե ինչպիսին է միգրացիայի հետ կապված իրավիճակը Հայաստանում: «Սա վստահություն է ձեւավորում Հայաստանի միգրացիոն համակարգի հանդեպ եւ կնպաստում է մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսության ավելի հաջող առաջխաղացմանը»,-ասել է նա: