Թագավորական ընտանիքի անդամների լուսանկարի հեղինակը, որը հայտնվել է մի շարք պարբերականների էջերին, հույս է հայտնել, որ լուսանկարի դիմաց ստացված գումարով կվճարի դստեր՝ համալսարանում ուսման համար, հաղորդում է BBC-ն:

Լուսանկարի հեղինակը, ում կնախանձի ցանկացած պրոֆեսիոնալ լուսանկարիչ, Նորֆոլկի 39-ամյա բնակչուհի Կարեն Անվիլն է, ով հույս ունի լուսանկարի դիմաց ստացված գումարով վճարել դստեր ուսման համար:

Կարենը պատմել է, որ իր 17-ամյա դուստր Ռեյչելը մի անգամ ցանկություն է հայտնել գնալ Սինդրինգեմում գտնվող Մարիամ Մագդաղենացու եկեղեցի՝ արքայական ընտանիքին տեսնելու համար: Թագավորական ընտանիքը յուրաքանչյուր տարի ավանդաբար գալիս է այստեղ՝ սուրբծննդյան պատարագին մասնակցելու համար:

Այս տարի Կարենը կատարեց իր դստեր խնդրանքը եւ անսպասելիորեն հայտնվեց աշխարհի առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Նախ, նա տեղադրել էր լուսանկարը Twitter-ում, եւ այն արագորեն 4 հազար «լայք» էր հավաքել: Ինչից հետո նրան մի քանի ժամ շարունակ զանգահարում էին տարբեր պարբերականներից՝ խնդրելով թույլատրել հրապարակել լուսանկարը:

«Սկզբում ես ասում է. այո, իհարկե, վերցրեք: Ես գործի նրբություններից գլուխ չեմ հանում»,-պատմել է Կարենը:

Շուտով, ըստ նրա, Twitter-ի օգտատերերը հուշել են կնոջը օգտվել իր հեղինակային իրավունքից եւ գումար պահանջել լուսանկարի օգտագործման համար:

«Չեմ սիրում շահարկել իմ՝ միայնակ մոր կարգավիճակը, սակայն դա իսկապես այդպես է: Ես աշխատում եմ երկու տեղ եւ հպարտ եմ դրա համար: Եվ եթե ես հիմա հնարավորություն ունեմ գումարմի կողմ դնել դստերս ուսման համար, դա հրաշալի է»,-ասել է Կարեն Անվիլը: