ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում այսօր՝ դեկտեմբերի 26-ին, առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Կվիրիկաշվիլին գոհունակությամբ են փաստել երկու բարեկամ երկրների միջեւ դինամիկ զարգացող ու տարեցտարի ամրապնդվող հարաբերությունները` այդ համատեքստում նշելով նաեւ առեւտրատնտեսական ոլորտում անցնող տարում հայ-վրացական համագործակցության արդյունքում արձանագրված նկատելի առաջընթացը, ակտիվ փոխգործակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մի շարք այլ բնագավառներում:

Զրուցակիցների համոզմամբ` հայ-վրացական բարձր մակարդակի շփումները լավ նախադրյալներ են ստեղծել գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար:

Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած Հայաստանն ու Վրաստանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, այնուամենայնիվ, երկու երկրների հարաբերություններն ունեն դարերի պատմություն եւ դրանք, ըստ վարչապետ Կվիրիկաշվիլիի, միշտ եղել են այնքան ջերմ ու բարիդրացիական, որքան այսօր են: Վրաստանի վարչապետը շնորհավորել է նախագահ Սարգսյանին եւ ամբողջ հայ ժողովրդին գալիք տոների կապակցությամբ, մաղթել Հայաստանին խաղաղություն եւ կայուն զարգացում:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ հայ եւ վրացի ժողովուրդների անցած բազմադարյա ուղին պարտավորեցնում է երկու երկրների իշխանություններին իրենց վստահված ժամանակահատվածում ազնվորեն ծառայել` ի բարօրություն երկու ժողովուրդների:

Նախագահը փոխադարձաբար շնորհավորել է վարչապետ Կվիրիկաշվիլիին եւ վրացի ժողովրդին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով բարձր տրամադրություն եւ լավատեսություն երկրի զարգացման ու բարեկեցության հարցում:

Հանդիպմանը կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքն ու հեռանկարը, ինչպես նաեւ մոտ ապագայում նախատեսված՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան:

Ավարտելով երկօրյա պաշտոնական այցը Վրաստան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան: Սերժ Սարգսյանին եւ տիկին Ռիտա Սարգսյանին օդանավակայանում ճանապարհել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: