Պակիստանի եւ Աֆղանստանի արտաքին գործերի նախարարները Չինաստանի կողմից երկու երկրների միջեւ լարված հարաբերությունների կարգավորման համար կազմակերպված հանդիպումից հետո «Թալիբանի» զինյալներին կոչ են արել խաղաղության բանակցություններին միանալ, հաղորդում է AP-ն:

Պակիստանը, Աֆղանստանը եւ Չինաստանը համատեղ հայտարարության մեջ կոչ են արել «խաղաղության եւ հաշտեցման լայն եւ համընդհանուր գործընթացի»՝ նշելով, որ «աֆղանական թալիբներին մոտ ապագայում խաղաղության գործընթացին միանալու կոչ են անում »:

 «Պակիստանը եւ Աֆղանստանը պայմանավորվել են հնարավորինս շուտ բարելավել իրենց հարաբերությունները», - ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին:

 «Երկու կողմերը  միահամուռ կերպով կարծիք են հայտնել, որ թույլ չեն տա որեւէ ուժի կամ երկրի իրենց տարածքն օգտագործել այլ երկրի անվտանգությունը խաթարելու գործընթացում»: