2017 թվականին Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակել են Հայաստանի շրջափակման քաղաքականությունը` սահմանափակելով նրա մուտքն ու մասնակցությունը տարբեր տարածաշրջանային տնտեսական նախագծերին: Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանի պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:

Այս տեսանկյունից, ըստ վերջինիս, չափազանց կարեւոր էին մի քանի շաբաթ առաջ Վրաստանի կողմից ձեռնարկված քայլերը՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակման նպատակով  շվեյցարական մի ընկերության հետ պայմանագրի ստորագրման ուղղությամբ, ինչում հետաքրքրված է նաեւ Հայաստանը:

«Եվ բնական է, որ տարեվերջին Հայաստանի նախագահի՝ Վրաստան այցելության շրաջանակներում այս հարցը եւս ներառված էր դիվանագիտական օրակարգում եւ քննարկվել է կողմերի միջեւ»,- ասել է Բեքարյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-26-ը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան: Նա հանդիպումներ է ունեցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի եւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ: