Վրաստանի վերջնական նպատակը Եվրամիությանը լիիրավ անդամակցելն է, եւ դրա համար էլ մենք սկսում ենք գործել նոր օրակարգով, որը կոչվում է «ԵՄ ճանապարհային քարտեզ»: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Նրա խոսքով՝ «ճանապարհային քարտեզը» ընդգրկում է ավելի լայն օրակարգ, քան Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը: Կվիրիկաշվիլին եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրումը «կառավարության գերակայություն» է անվանել, հաղորդում է «Նովոստի-Վրաստանը»:

 «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելը մեր առաջնային խնդիրն է: Այս վեկտորից հետեւում է երկրում իրականացվող բարեփոխումների հիմնական գիծը եւ որոշվում է իրականացվող բարեփոխումների մեծ մասը: 2017 թվականին այդ ուղղությամբ գլխավոր ձեռքբերումը ԵՄ երկրների հետ առանց վիզային ռեժիմն էր: Սա մեր ամբողջ թիմի համար մեծ հաջողություն էր: Իհարկե սա կարեւոր քաղաքական վերաբերմունք էր ԵՄ կողմից եւ մեր երկրին վստահության արտահայտում», – ասել է Կվիրիկաշվիլին:

Նա հաստատել է, որ Վրաստանի վերջնական նպատակը Եվրամիությանը լիիրավ անդամակցելն է: