Պարսից Ծոցի երկրների համագործակցության խորհուրդը կշարունակի աշխատել, չնայած Կատարի եւ Խորհրդի մյուս երեք անդամների միջեւ տարաձայնություններին: Այս մասին հայտարարել է Քուվեյթի փոխարտգործնախարար Խալեդ Ջարալան, հաղորդում է Reuters-ը:
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Բահրեյնը, ինչպես նաեւ այն երկրները, որոնք Խորհրդի կազմում չեն, ներառյալ Եգիպտոսը, Կատարի հետ խզել են դիվանագիտական եւ առեւտրային կապերը՝ մեղադրելով նրան ահաբեկիչներին աջակցելու մեջ: Դոհան հերքում է բոլոր մեղադրանքները:
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Բահրեյնը հրաժարվել էին մասնակցել դեկտեմբերին Քուվեյթի Էմիրի կողմից կազմակերպված Խորհրդի գագաթաժողովին: ԱՄԷ-ն կոչ է արել Սաուդյան Արաբիայի հետ տնտեսական, քաղաքական եւ ռազմական հարցերով երկկողմ կոմիտեի ստեղծմանը:
Չնայած տարաձայնություններին, որոնք, կարծես, վերջ չունեն, Խորհրդի աշխատանքը «չի սառեցվի կամ չի խախտվի», ասել է Ջարալան:




























