Ճապոնիայի կառավարությունը քննարկում է երկրի տարածքում մեծ հեռահարությամբ վերգետնյա թիրախներին հարվածելու համար նախատեսված թեւավոր հրթիռների արտադրություն ստեղծելու հնարավորությունը՝ կապված տարածաշրջանային իրավիճակի, մասնավորապես Կորեական թերակղզում անկայունության հետ: Այս մասին հայտնում է Sankei պարբերականը՝ վկայակոչելով կառավարությունում աղբյուրներին:
Նշվում է, որ առաջին նախատիպը կկառուցվի 2022 թվականին: Ճապոնիայի կառավարությունը հաջորդ տարվա բյուջեում ծրագրում է միջոցներ հատկացնել ԱՄՆ-ից մինչեւ 900 կմ հեռահարությամբ եւ Նորվեգիայից մինչեւ 500 կմ հեռահարությամբ թեւավոր հրթիռներ գնելու համար: Սակայն իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունում կարծում են, որ միայն ձեռքբերմամբ չպետք է սահմանափակվել, եւ անհրաժեշտ է դրանց նմանակների արտադրություն սկսել, նշում է պարբերականը:
Հիմա Տոկիոն չունի սպառազինություն, որով կկարողանա այլ պետության տարածքում վերգետնյա բազաներին հարված հասցնել: Ճապոնիայի Սահմանադրությամբ երկրի ինքնապաշտպանության ուժերի հնարավորությունները սահմանափակված են՝ արգելելով հարձակողական սպառազինություն ունենալ: Սակայն Սինձո Աբեի ղեկավարած կառավարությունը քանիցս բարձրաձայնել է դիրքորոշում, որի համաձայն Ճապոնիայի անվտանգությանն ուղիղ սպառնալիք ներկայացնող թշնամական բազային նախազգուշացնող հարված հասցնելը կարող է որպես ինքնապաշտպանություն գնահատվել:




























