Հայաստանի համար 2017 թվականի կարեւորագույն իրադարձությունը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումն էր: Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ սա մի փաստաթուղթ է, որի իրականացումը խիստ փոխկապակցված է Հայաստանի դիրքորոշման հետ:

«Սա երկկողմ համաձայնագիր է, եւ եթե մենք չունենանք այն, ինչ պետք է ունենանք, ապա բոլոր բարեփոխումները եւ խոսակցությունները կմնան միայն թղթի վրա»,- ասել է Նավասարդյանը` հավելելով, որ, անշուշտ, ոգեշնչման առիթ կա, սակայն միեւնույն ժամանակ անհրաժեշտ է շատ եւ նպատակաուղղված աշխատել, քանի որ Հայաստանում այնպիսի ներքին քաղաքական երեւույթներ կան, որոնք փոխկապակցված են արտաքին քաղաքական իրադարձությունների հետ:

Միեւնույն ժամանակ, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը նշել է, որ այս դեպքում չափազանց կարեւոր է լրատվամիջոցների դերը՝ որպես «փափուկ ուժի» հիմնական գործիքներ: Նա կարծում է, որ եթե ամեն ինչ թողնել պետության վրա, ապա հաջողություն ակնկալել չարժե: