Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումը չափազանց կարեւոր նշանակություն ունի: Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը Հայաստանին հնարավորություն է տալիս վերադառնալու բազմավեկտոր քաղաքականության: «Մենք իշխանություններից հաճախ ենք լսում, որ նրանք մշտապես վարում են «եւ-եւ»-ի սկզբունքի վրա հիմնված քաղաքականություն: Սա, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում»,- նշեց Գրիգորյանը՝ հավելոլվ, որ Հայաստանի կառավարությունը «Գազպրոմ» ընկերությանն է փոխանցել այն խողովակաշարերը, որոնք Հայաստանի հարավում կառուցել է Իրանը: Գրիգորյանը շեշտեց, որ նման գործողությունները վկայում են Հայաստանի եւ նրա քաղաական ղեկավարության կողմից հենց բազմավեկտոր քաղաքականության բացակայության մասին: Ըստ որում, ինչպես կարծում է փորձագետը, ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը Երեւանին հնարավորություն է տալիս կոռուպցիայի դեմ հետեւողական պայքար սկսել, ինչպես նաեւ լուծել մի շարք հրատապ սոցիալական խնդիրներ:




























