Թուրքիան Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)` Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրի` Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ստամբուլ այցի ժամանակ ձերբակալման պահանջը «ծիծաղելի» է համարում, փոխանցում է AFP- ն:
Բաշիրը որոնվում է Դարֆուրում 2003 թվականի հակամարտության ժամանակ ցեղասպանության եւ ռազմական հանցագործությունների մեղադրանքով: ՄԱԿ-ը հայտարարել է, որ հակամարտության ընթացքում առնվազն 300 հազար մարդ սպանվել է, ավելի քան 2,5 մլն մարդ տեղահանվել է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին հայտնել է, որ ՄՔԴ-ն Թուրքիայից պահանջել է ձերբակալել եւ հետագայում հանձնել ալ-Բաշիրին: «Դա պարզապես ծիծաղելի է: Միթե՞ մենք իսկապես կձերբակալենք եւ կհանձնենք մեկին, ով ԻՀԿ-ի անդամ է եւ մասնակցում է գագաթնաժողովին: Դա անհնար է հասկանալ, մենք պարզապես ծիծաղեցինք»,- նշել է Էրդողանը:




























