Անցնող քաղաքական տարին ընդհանուր առմամբ դրական էր։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Նախ մենք անցկացրեցինք շատ դրական խորհրդարանական ընտրություններ։ Դրանք ստացել են միջազգային կազմակերպությունների եւ միջազգային դիտորդական առաքելությունների բացարձակ դրական վերաբերմունքը»,- ասել է Շարմազանովը եւ հավելել. «Մենք ունենք կայուն քաղաքական վիճակ, որն ամենաանհրաժեշտ գործոններից մեկն է թե տնտեսական աճի, թե առհասարակ զարգացման համար»։
Շարմազանովի խոսքով, Հայաստանը գնում է ժողովրդավարացման ճանապարհով: «Դա է վկայում նոյեմբերի 24-ին Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համաձայնագրի ստորագրումը։ Մենք նաեւ մենք կարողացանք լուրջ քայլեր ձեռնարկել մեր անվտանգության ապահովման, բանակի պաշտպանունակության բարձրացման, արտաքին մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ»,- ասել է ՀՀԿ խոսնակը՝ ընդգծելով, որ դրական տեղաշարժեր են ապահովել թե արցախյան հիմնախնդրի, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում։




























