«Դիլիջան ազգային պարկ»-ի հենակետը հոկտեմբերի 13-ին հրկիզելու գործով նախաքննությունն ավարտվել է:

Ըստ մեղադրանքի՝ Մհեր Ալիխանյանը Շամախյան տեղամասի «Պանտերա Սեքյուրիթի» ՍՊԸ-ի ուղեփակոցում Ժորա Մնացականյանի, Վոլոդյա Հակոբյանի, Գուրգեն Մնացականյանի, Արամ Ղուկասյանի հետ նախնական համաձայնությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ ինքնահստատման և հասարակության հանդեպ երևակայական գերազանցությունն արտահայտելու հանդուգն ձգտումով իրենց դժգոհությունն են հայտնել ուղեփակոցի տեղադրման առթիվ:

Չորս անձանց էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մհեր Ալիխանյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ մյուս երեքը գրավի դիմաց են ազատ արձակվել:

Գործը քննվելու է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում, դատավորն է Զոյա Զաքինյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Դիլիջան ազգային  պարկ»–ի  Շամախյան տեղամասում 2017թ.  հոկտեմբերի 13-ի երեկոյան  արտակարգ դեպք է տեղի ունեցել. մի խումբ քաղաքացիներ վեճի են բռնվել  այս հատվածի հենակետում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների հետ, քաշքշել միմյանց եւ այդ ընթացքում  հրկիզել  հենակետի  վագոն-տնակը։ Ըստ հավաստի տեղեկությունների, «Դիլիջան» ազգային պարկի միջադեպին մասնակցել է առնվազն  40 մարդ, որոնք  «Վիլիսներով» եկել, շրջապատել են Շամախյանի հենակետը եւ պահնորդներից երկուսին դուրս հանել այնտեղից։ Քննչական կոմիտեն եւս հաստատել է, որ հարձակվողները եղել են խմբով:

Դեպքը տեղի է ունեցել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի՝ տեղամաս կատարած այցից հետո։