2017-ին ֆրանսիացիների համար ամենազդեցիկ  իրադարձություններն են եղել Ֆրանսիայում ու այլ երկրներում տեղի ունեցած ահաբեկչությունները։ Այս մասին են վկայում BVA –ի անցկացրած հասարակական կարծիքի հարցման արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Այսպես է պատասխանել հարցման մասնակիցների 33 տոկոսը։ Ըստ փորձագետների՝ սա վկայում է այն մասին, թե որքանով է ահաբեկչական սպառնալիքը մտահոգում ֆրանսիացիներին,հասարակությունում ստեղծելով  վախի ընդհանուր մթնոլորտ։

Կարեւոր իրադարձությունների շարքում երկրորդ ու երրորդ տեղերն են զբաղեցրել Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նախագահների՝ Էմանուել Մակրոնի (29 տոկոս) ու Դոնալդ Թրամփի (24 տոկոս) ընտրությունը։ Սակայն Թրամփի ընտրվելը որպես դրական կամ բացասական իրադարձություն գնահատելու հարցում մասնակիցների տեսակետները բաժանվել են։ Ոմանք ողջունում են ԱՄՆ նախագահի պաշտոնում «վճռական քաղաքական գործչի» հայտնվելը։ Իսկ մյուսները «մտահոգված են» նրա գործունեությունից։

Չորրորդ հիշարժան իրադարձություն է եղել հանրահայտ ռոք երգիչ Ջոնի Հոլիդեյի մահը ու նրա հուղարկավորությունը, որին հարյուր հազարավոր մարդիկ են մասնակցել։ Նաեւ ֆրանսիացիները նշել են Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահ, կանանց իրավունքների պաշտպան Սիմոնա Վեյլի մահը։

Մյուս կարեւոր իրադարձությունների շարքում ֆրանսիացիները առանձնացրել են միգրացիոն խնդիրը, կլիմայի տաքացումը, ԿԺԴՀ միջուկային սպառազինությունների մրցավաքը, ամերիկացի պրոդուսեր Հարվի Վայնշթեյնի շոյրջ սեքս սկանդալը։

Ուշագրավ է, որ Ֆրանսիայի հարեւան Կատալոնիայի անկախության հանրաքվեն կարեւոր իրադարձություն է համարել մասնակիցների ընդամենը 4 տոկոսը։