Լոնդոնում աշխատող ամերիկացի դիվանագետները 2017-ի ընթացքում 300 հազար ֆունտ սթերլինգի չափով չվճարված տուգանք են կուտակել՝ Լոնդոնի կենտրոն մեքենայով մտնելու համար գանձվող հարկի մասով, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում հատուկ հանդիպումներ են անցկացվել դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել է այդ տուգանքների չվճարման խնդիրը։

«Մեծ Բրիտանիայի ԱԳՆ պաշտոնյաները ճնշում են գործադրում դիվանագիտական առաքելության վրա տուգանքներն ու պարտքերը չվճարելու կապակցությամբ»,- ասել է բրիտանական ԱԳՆ-ի ներկայացուցիչը ։

Իսկ Լոնդոնում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ մուտքի վճարը «հարկ է, որը  ըստ միջազգային օրենսդրության չպետք է գանձվի դիվանագիտական առաքելությունից»։

Սակայն Լոնդոնի Transport for London տրանսպորտային ընկերության ղեկավարությունը նախազգուշացրել է, որ եթե տուգանքները չվճարվեն, ապա գործը կփոխանցվի դատարան։

Լոնդոնի կենտրոն մուտքի համար վճարը գործում է 2003-ի փետրվարից։ Այս միջոցառումը ներդրվել էր   Լոնդոնում խցանումների քանակը նվազեցնելու համար, որպեսզի լոնդոնցիները ձգտեն օգտվել հասարակական տրանսպորտից։ Այդ վճարը չվճարելու համար տուգանքը կազմում է մինչեւ 195 ֆունտ սթերլինգ։