Հունվարի 2-ին ժամը 18:00-ի դրությամբ Վայքի, Ջերմուկի եւ Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գորիսի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր, իսկ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Հայաստանի միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: