Չեռնոգորիան մտադիր է մինչեւ 2025 թ ԵՄ անդամ դառնալ։ Նման հայտարարություն է արել երկրի ԱԳ նախարար Սրջան Դարմանովիչը ՄԻՆԱ տեղական գործակալությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ոգեւորված ենք ԵՀ ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հայտարարությամբ այն մասին, որ ԵՄ-ն ավելի բազմանդամ է լինելու, քան հիմա։ Կարծում եմ, որ մենք կարող ենք մինչեւ 2025 թ․ դառնալ ԵՄ անդամ»,- հայտնել է Դարմանովիչը։

Չեռնոգորիայի ԱԳ նախարարը նաեւ անդրադարձել է ԵՄ-ին Սերբիայի ու Չեռնոգորիայի միաժամանակյա անդամակցության թեմային։ «Ինչ վերաբերում է Սերբիայի հետ փաթեթին, ապա մենք ՛շահագրգռված ենք, որ այդ երկիրը, մեր հարեւանը, առաջխաղացում ունենա եվրաինտեգրման հարցում։ Բայց մենք շարունակում ենք պնդել, որ յուրաքանչյուր երկրի գնահատեն ըստ նրա սեփական արդյունքների»,- ասել է նախարարը։

Չնայած ԱԳ նախարարի հայտարարությանը՝ փորձագետները համարում են, որ ԵՄ-ին Չեռնոգորիայի անդամակցության հեռանկարը լրջորեն բարդանում է երկրի տնտեսական դրության պատճառով։ Չեռնոգորիայի պետական պարտքը այս պահին կազմում է 2․4 մլրդ դոլար կամ ՀՆԱ 64 տոկոսը։ Միաժամանակ քաղաքապետարանների պարտքերի հետ միասին հանրապետության պարտքն արդեն վաղուց է գերազանցել 65 տոկոսը, վստահեցնում են տնտեսագետները։

Իրավիճակը շարունակում է վատանալ, կառավարությունը ընդունում է, որ մոտակա երկու տարիներին անհնար կլինի հասնել զգալի փոփոխությունների ու ծրագրում է բյուջեի պրոֆիցիտ ապահովել միայն 2019-ին։

Հիմա ԵՄ-ի անդամակցության թեկնածու են համարվում հինգ երկրներ՝ Չերնոգորիան, Սերբիան, Թուրքիան, Ալբանիան ու Մակեդոնիան։