Հարավային Կորեայի զինվորականները Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի հերթական մեկնարկի նախապատրաստման ակնհայտ նշաններ չեն նկատում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Կորեայի Հանրապետության զինված ուժերի Շտաբերի ղեկավարների հանձնաժողովի ներկայացուցիչ, գնդապետ Նո Չժե Չխոլը:
Այսպիսով, նա մեկնաբանել է մի շարք ամերիկյան լրատվամիջոցների՝ ԿԺԴՀ-ում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման համար ենթադրյալ նախապատրաստությունների մասին լուրերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այդ լուրերը ապացույցներ չունեն», - ասել է նա:
Սակայն նա չի բացառել ապագայում նման գործողությունների հնարավորությունը: Շտաբերի ղեկավարների հանձնաժողովի ներկայացուցիչը նաեւ հիշեցրել է, որ ամերիկացի եւ հարավկորեացի զինվորականները ԿԺԴՀ-ում իրավիճակի վերաբերյալ անընդհատ մոնիթորինգ են իրականացնում:
Կորեական թերակղզում իրավիճակը վատթարացավ անցյալ տարվա նոյեմբերին, երբ Փհենյանը 2.5 ամսվա ընթացքում առաջին հրթիռային փորձարկումն իրականացրեց: Այդ ժամանակ Հյուսիսային Կորեան փորձարկեց նոր տեսակի «Խվասոն-15» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը:
Գործարկման արդյունքում հայտարարվեց, որ այն կարող է կրել միջուկային մարտագլխիկ եւ նրա հասանելիության գոտում է Միացյալ Նահանգների ողջ տարածքը: Ի պատասխան ՄԱԿ Անվտանգության խորհուրդը ԿԺԴՀ նկատմամբ պատժամիջոցների խստացման մասին միաձայն բանաձեւ ընդունեց:




























