Սիրիայի հյուսիսում քրդական ինքնակառավարման մարմինները կարող են ինքնուրույն դատել Ֆրանսիայի այն քաղաքացիներին, ովքեր միացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը՝ նրանց իրավունքների պահպանման դեպքում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Բենջամին Գրիվոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով BFMTV հեռուստաալիքին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայում քուրդ զինյալները կալանավորել են ֆրանսիայի 33-ամյա քաղաքացի Էմիլի Քյոնիգին, որին ՄԱԿ-ը եւ Միացյալ Նահանգները ամենափնտրվող ահաբեկիչների ցուցակում էին ներառել: Նա կասկածվում է ԻՊ-ի համար զինյալների հավաքագրման մեջ:
«Եթե Սիրիայում քրդական կողմն ունի դատական ինստիտուտներ, որոնք կարող են ապահովել արդար գործընթաց, ապա նրանց (ֆրանսիացիներին) այնտեղ էլ կդատեն», - ասել է Գրիվոն:
Քյոնիգը ընկել է արմատական իսլամիզմի ազդեցության տակ Ալժիրից եկած իր առաջին ամուսնու հետ շփումից հետո: 2012-ին կինն ուղեւորվեց Սիրիա՝ երկու երեխաներին թողնելով Լորյանում:




























