Հայաստանի ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունվարի 4-ին, այցելել է  «Սասնա ծռեր» խմբի հացադուլ հայտարարած Արայիկ Խանդոյանին, Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարեղյանին ու ծանոթացել նրանց պահման պայմաններին։

Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Քիչ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծանոթացա «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի պահման պայմաններին։

Արայիկ Խանդոյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 29-ից։ Հացադուլ է անում ի նշան բողոքի՝ Հայաստանում հաստատված անարդարությունների։ Նաեւ պահանջում է, որ կալանավորված անձանց, մասնավորապես նույնպես հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանի եւ Նորք-Մարաշ խմբի անդամ Հարություն Սարիբեկյանի առողջական խնդիրները պատշաճ ուշադրության արժանանան։

Խանդոյանը դեկտեմբերի 29-ից գտնվում է պատժախցում։ Նրան պատժախուց տեղափոխելու պատճառաբանությունը հետեւյալն է. ըստ փաստաթղթերի խցում իրականացվել է խուզարկություն, հայտնաբերվել է երկու հեռախոս եւ ինքնաշեն ալկոհոլային խմիչք։ Պատժախուց տեղափոխվելուց առաջ Խանդոյանը պահվել է ՔԿՀ բուժմասի երկու հոգանոց խցում։ Մայիսից ի վեր, հարազատների հետ 13 կարճատեւ տեսակցություն է ունեցել։ Ունի առողջական խնդիրներ։

Սմբատ Բարսեղյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 21-ից։ Պահանջում է իրեն տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ մենախուց։ Ներկայումս պահվում է հացադուլավորների խցում, եւս երկու հացադուլավորների հետ։ Ունի առողջական խնդիրներ։

Արմեն Բիլյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 19-ից։ Ունի բավականին լուրջ առողջական խնդիրներ։ Պահանջում է այդ խնդիրների նկատմամբ պատշաճ ուշադրություն։ Պահվում է հացադուլավորների խցում՝ միայնակ։

Բարձրացված բոլոր հարցերով լրջորեն կզբաղվեմ»։