Բրիտանացի գիտնականները պարզել են, որ եթե բոլոր մթերքներն անհետանան երկրի երեսից եւ մարդիկ սկսեն մարդկանց մսով սնվել, ապա մարդկությունը շուրջ երեք տարի անց կանհետանա, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Կենսաբաններն իրենց հետազոտության մեջ հաշվի են առել բոլոր պայմանները: Մոլորակի վրա այժմ ապրում է ավելի քան 7.6 միլիարդ մարդ, որոնցից յուրաքանչյուրի մարմինը պարունակում է շուրջ 125 հազար կիլոկալորիա: Դա մեկ օրվա ընթացքում կբավարարի հիսուն մարդու, եթե ամբողջ միսն ազնվորեն բաժանվի:

«Ուղղորդվելով միջին վիճակագրական տղամարդու կարիքներով եւ պայմաններով, որոնց պարագայում յուրաքանչյուր մարդ օրական 2500 կալորիա կօգտագործի, մենք պարզել ենք, որ 1149 օր անց միայն մեկ մարդ ողջ կմնա»,-ասված է Journal of Physics Special Topics-ում հրապարակված հոդվածում:

Գիտնականների հաշվարկները ցույց են տվել, որ մարդկանց համար մարդակերությունն էներգետիկ առումով անարդյունավետ է, քանի որ խոշոր կենդանիների մարմնում ավելի շատ կալորիաներ կան: Միաժամանակ, սպառնալից են դառնում «կատաղությունը» եւ մարդակերության հետ կապված այլ հիվանդություններ: