«Սասնա ծռերի» անդամ Արմեն Բիլյանն այսօր՝ հունվարի 12-ին, դադարեցրել է հացադուլը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձնազրույցից հետո։
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Արմեն Բիլյանն այս պահին անցնում է անհրաժեշտ բժշկական զննություն, ինչպես նաեւ ստացել է հացադուլից դուրս գալուց հետո սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն:
Հետհացադուլային փուլում նրա առողջական վիճակը, ինչպես նաեւ նրա իրավունքների ապահովման հարցը Պաշտպանը կշարունակի պահել իր ուշադրության կենտրոնում։
Աշխատանքներ են տարվում նաեւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ Սմբատ Բարսեղյանի տեղափոխմանն աջակցելու ուղղությամբ։
Իր հերթին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնել են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արմեն Բիլյանին դեռեւս հունվարի 10-ին պայմանավորված նրա` տեւական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու համգամանքով` առաջարկվել էր տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ` հաշվի առնելով այն, որ սույն ՔԿՀ հանդիսանում է ՀՀ գործող միակ բուժիչ ուղղիչ հիմնարկը, եւ այդ հիմնարկում տրամադրվող բժշկական օգնության եւ սպասարկման ծավալները եւ որակը էապես տարբերվում են այլ ՔԿՀ-ների բժշկական բաժինների կողմից տրամադրվող բժշկական սպասարկումից, ինչից Բիլյանը հրաժարվել էր:
Այսօր` հունվարի 12-ին, Ա. Բիլյանն իր համաձայնությունն է տվել տեղափոխվել «Դատապարտկալների հիվանդանոց» ՔԿՀ եւ արդեն նշված ՔԿՀ-ում իր դիմումի համաձայն դադարեցրել հացադուլը:
Այս պահին Ա. Բիլյանը գտնվում է «Դատապարտկալների հիվանդանոց» ՔԿՀ բուժանձնակազմի ուշադրության եւ պատշաճ հսկողության ներքո:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմեն Բիլյանը շուրջ 22 օր է, ինչ հացադուլի մեջ է: Արմեն Բիլյանը պահանջում է իրեն բժշկական հետազոտությունների ենթարկել, եւ բուժվել քաղաքացիական հիվանդանոցում, քանի որ ունի առողջական լուրջ խնդիրներ՝ կապված նյարդերի հետ, բացի այդ, նա պահանջում է իրեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ: Արդարադատության քրեակատարողական վարչությունից էլ հայտնել են, որ Արմեն Բիլյանի՝ հացադուլ հայտարարելու եւ իրեն «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու պահանջը հիմնազուրկ է:




























