Թբիլիսի քաղաքային դատարանը կալանավորել է երգիչ Սաբա Սամուշիային, որը քաղաքի ռեստորաններից մեկում ծեծկռտուքի ժամանակ դանակահարել էր երեք մարդու, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 18-ի գիշերը «Ագա» ռեստորանում: Սամուշիան այնտեղ ելույթ էր ունենում հյուրերից մեկի հրավերով, ով ռեստորանում նշում էր իր ծննդյան օրը:

Հերթական երգը կատարելիս Սամուշիայի եւ հոբելյարի ընկերների միջեւ վիճաբանություն է ծագել, որի հետեւանքով երեք մարդ դանակի հարվածներ է ստացել: Տուժածներից մեկի զարկերակն է կտրվել, նրան վիճակը ծայրահեղ ծանր է:

Սամուշիան պնդում է, որ գործել է ինքնապաշտպանությունից ելնելով: Բացի այդ, նրա փաստաբանի խոսքով, դանակ է ունեցել ծեծկռտուքի առնվազն եւս մեկ մասնակից:

«Մենք չգիտենք՝ ով ում է դանակահարել, բայց ինքնապաշտպանությունից ելնելով Սամուշիան դանակ է օգտագործել, ինչը խոստովանել է: Գործում կա երկրորդ դանակ»,-ընդգծել է Սամուշիայի պաշտպան Շալամբերիձեն:

Պաշտպանական կողմն առաջարկել է հազար լարի (մոտ 400 դոլար) գրավի դիմաց ազատ արձակել Սամուշիային, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը: