Վիճակագրությունն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ հիմնականում ծանր հետեւանքով պատահարների պատճառ են դառնում սահմանված արագության գերազանցումն ու անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` կից ներկայացնելով նաեւ վիճակագրություն:

Նա, մասնավորապես, գրել է. «Ճանապարհային ոստիկանությունը, ի թիվս երթեւեկության կանոնների այլ խախտումների, հետեւողական է հատկապես այս դեպքերը կանխելու եւ բացառելու ուղղությամբ:

Միայն այս տարվա հունվարի 1-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արագության գերազանցման համար կազմվել է 18161 վարչական արձանագրություն, որն արձանագրությունների ուղիղ կեսն է: Հայտնաբերվել է 281 անսթափ վարորդ:

Հավելենք նաեւ, որ ծանր պատահարների ողբերգական հետեւանքները կարելի է նվազագույնի հասցնել, եթե վարորդներն ու ուղեւորները չխուսափեն ամրագոտիներ կապելուց:

Ցավոք, երթեւեկության մասնակիցների մի զգալի հատված շարունակում է անտեսել ճանապարհային ոստիկանության հորդորն ու պահանջը, որն ուղղված է իրենց իսկ անվտանգության ապահովմանը:

Ճանապարհային ոստիկանությունը հետեւողական է լինելու երթեւեկության կանոնների ոչ միայն վերոհիշյալ, այլեւ ցանկացած խախտում արձանագրելու եւ օրինազանցներին պատասխանատվության ենթարկելու հարցում, սակայն երթեւեկության մասնակիցներն էլ պետք է գիտակցեն,որ առաջին հայացքից թեթեւ թվացող խախտումն անգամ կարող է առողջություն, նույնիսկ կյանք արժենալ իր կամ համաքաղաքացու համար:

Ճանապարհային ոստիկանությունն ակնկալում է քաղաքացիների գիտակից ու գործուն աջակցությունը երթեւեկության անվտանգության ապահովման գործում»: