Սիրիայի հյուսիսում Աֆրինի շրջանում թուրքական գնդակոծությունների հետեւանքով մեկ ընտանիքի 8 անդամներ են մահացել, հաղորդում է քրդական Firat գործակալությունը:

Պարբերականի փոխանցմամբ, խոսքն արաբ ընտանիքի մասին է, որը մի քանի ամիս առաջ ռազմական գործողությունների հետեւանքով փախել էր Իբլիդ նահանգից:

Հուսեյնների ընտանիքը տեղավորվել էր Շերավա շրջանի Չիլբիր գյուղում եւ զբաղվել թռչնաբուծությամբ:

Firat գործակալությունը նաեւ ներկայացրել է զոհերի ցանկը՝ մինչեւ 10 տարեկան երեխաներ, ինչպես նաեւ 33-ամյա Ռեֆե էլ Հուսեյն Էլ Հոմերը: 17 եւ 16 տարեկան երկու դեռահասների մարմինները դեռ փլատակների տակ են: Ընտանիքի եւս 5 անդամներ եւ նրանց հարեւանները վիրավորվել են եւ տեղափոխվել Աֆրինի հիվանդանոց:

Սիրիայի ժողովրդավարական ուժերի գլխավոր հրամանատարությունը հաստատել է, որ թուրքական ավիացիան եւ հրետանին կրակի տակ են առել այդ գյուղը, ինչպես նաեւ մոտակայքում գտնվող փախստականների «Ռուբար» ճամբարը:

Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր Աֆրինում քրդական խմբավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» անվանումը կրող գործողություններ սկսելու մասին: Գործողությունն սկսվել է հունվարի 20-ին, ժամը 17.00-ին:

Թուրքական «Ձիթենու ճյուղը» Սիրիայում. քրդերը խոստանում են հակահարված տալ (ֆոտո)