Կատալոնիայի կառավարության նախկին նախագահ Կառլես Պուիչդեմոնը կրկին առաջադրվել է տարածաշրջանի ղեկավարի պաշտոնում: Այս մասին հունվարի 22-ին խորհրդարանական կուսակցությունների հետ խորհրդակցությունից հետո հայտարարել է կատալոնական խորհրդարանի նոր նախագահ Ռոժե Տորենտը, փոխանցում է DW-ն:

​Խորհրդարանը Պուչդեմոնի առաջադրմանը կողմ կամ դեմ պետք է  քվեարկի մինչեւ հունվարի 31-ը:

Հիշեցնենք, որ Պուչդեմոնը եւ Կատալոնիայի կառավարության եւս 4 նախկին խորհրդականներ, որոնց դեմ Իսպանիայում մեղադրանքներ են առաջադրված, 2 ամիս առաջ մեկնել էին Բելգիա: Այդ ժամանակից ի վեր Պուչդեմոնը Բելգիայի տարածքը չի լքել:

Իսպանիայի դատախազությունն իր հերթին դիմել էր երկրի գերագույն դատարանին Կառլես Պուչդեմոնին կալանավորելու եվրոպական օրդեր տալու խնդրանքով, որը հունվարի 22-ին Բելգիայից Դանիա է մեկնել՝ մասնակցելու Կոպենհագենի համալսարնում անցկացվող գիտաժողովին, որը նվիրված է իսպանական շրջանի ապագային: