Կոպենհագենի դատախազությունը հրապարակել է Nautilus սուզանավի սեփականատեր եւ գյուտարար Պետեր Մադսենի գործի մանրամասները, որը մեղադրվում է շվեդ լրագրող Քիմ Վալի սպանության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Շվեդիայի SVT հեռուստաալիքին:
Քիմ Վալն անհետացել էր 2017 թվականի օգոստոսի 10-ին Մադսենի կառուցված Nautilus սուզանավով գյուտարարի հետ զբոսանքի ժամանակ: Նախ, գյուտարարը պնդում էր, որ նա նույն օրվա երեկոյան լրագրողին ափի մոտ իջեցրել էր:
Հետագայում նա փոխել էր իր ցուցմունքները` ասելով, որ լրագրողը մահացել է նավի վրա տեղի ունեցած դժբախտ դեպքի հետեւանքով: Լրագրողի մարմինը հայտնաբերվել էր մի քանի օր անց, այն անդամատված էր՝ առանց գլխի եւ վերջույթների: Հոկտեմբերին հայտնաբերվեցին զոհի ոտքերը եւ գլուխը, իսկ նոյեմբերին՝ ձեռքերը:
Ինչպես հայտնում է շվեդական հեռուստաալիքը, դատախազի վարկածով, սպանությունը կարող էր տեղի ունեցած լինել օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը՝ 22:00-ից մինչեւ առավոտյան 10:00-ը:
Հրապարակված նյութերում նշվում է, որ Մադսենը նախապես էր ծրագրել սպանությունը. նա իր հետ վերցրել էր դանակ, սղոց, շաղափիչ եւ մետաղական առարկաներ: Ըստ քննության վարկածի՝ կասկածյալը կապել է լրագրողին եւ դանակով մահացու հարվածներ հասցրել:
Կասկածյալի փաստաբան Բետին Հալդ Էնգմարկը նշել, է, որ մամուլին հայտնի են գործի ոչ բոլոր մանրամասները եւ հրաժարվել է մինչ դատական գործի սկսվելը մեկնաբանություն տալ:
Մադսենին պաշտոնապես մեղադրանք էր ներկայացվել անցյալ շաբաթ: Նա մեղադրվում է նաեւ կնոջ դիակի հետ անվայել վերաբերմունքի մեջ: Դատախազությունը կողմ է նրան ցմահ բանտարկության ենթարկել: Մեղադրական կողմը պնդում է Nautilus սուզանավի առգրավումը հետագայում այն ոչնչացնելու նպատակով:
Դանիացի գյուտարարին մեղադրել են շվեդ լրագրող Կիմ Վալլի սպանության համար




























