Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 24-ին, «Սասնա ծռեր-2»-ի գործով դատական նիստը դեռ չսկսված ընդմիջվեց 1 ժամով՝ պաշտպան Արայիկ Պապիկյանի ուշանալու պատճառով:

Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ 1 ժամով ընդմիջում է  հայտարարում, քանի որ Արայիկ Պապիկյանի ներկայությունն անհրաժեշտ է փաստաբանների ներգրավման հարցը քննելու համար:

Նշենք, որ նախորդ դատական նիստին «Սասնա ծռերի» մի քանի անդամներ, այդ թվում Արայիկ Խանդոյանը հրաժարվել էին իրենց պաշտպաններից, ավելի ուշ կրկին ցանկություն էին հայտնել ներգրավել իրենց պաշտպաններին:

Նշենք, որ դահլիճում հավաքվածները «Սասնա ծռերին» դիմավորեցին ծափահարություններով:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: