«Փաստ» օրաթերթը գրում է.
Անցյալ տարվա սեպտեմբերի 1–ից սկսած հացաբուլկեղենը եւ միսը պետք է սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով տեղափոխվեր: Մինչ այդ, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ հացամթերքի եւ մսամթերքի տեղափոխման փուլում ակնառու խնդիրներ կան, ուստի ՍԱՊԾ–ի կողմից այդ համակարգը ներդնելուց հետո սնունդը կտեղափոխվի համապատասխան տրանսպորտային միջոցներով, ինչն էլ հնարավորություն կտա վերահսկողություն իրականացնել:
«Պետական գնումներով մատակարարումների համար օրենքը սեպտեմբերի 1–ից կգործի, նոյեմբերի 1–ից պարտադիր կլինի Երեւանում գործող բոլոր տնտեսվարողների համար, իսկ փետրվարից համակարգը կգործի նաեւ հանրապետության մնացած մարզերում»,– ասել էր Վահե Դանիելյանը:
Սպառողների ու արտադրողների շահերի պաշտպանությամբ զբաղվող գրեթե բոլոր հասարակական կազմակերպությունները այս քայլը դրական էին գնահատել, բայց արի ու տես, որ դա էլ մնաց թղթի վրա: Այսօր էլ խանութներին հացամթերք մատակարարողները շարունակում են հացն ու հացաբուլկեղենը սովորական մեքենաներով եւ նույն մաշված ու կեղտոտ «բանանի» տուփերով տեղափոխել:
Միակ առաջընթացն այն է, որ եթե նախկինում մեքենայի բեռնախցում էին տուփը դնում, հիմա դրանք մեքենայի սրահում են դնում: Ինչ խոսք, առաջընթաց է, չէ՞, բայց հարց է ծագում՝ ուր մնացին այն խոստումները, թե՝ նոյեմբեր ամսից մայրաքաղաքում այլեւս «բանանի» տուփերով ու սովորական մեքենաներով մատակարարների չեք տեսնի:
Փաստորեն, ՍԱՊԾ–ի ներդրած այս համակարգը նույնպես չգործեց, չնայած բավականին թվով սանիտարական անձնագրեր տրամադրվեցին տնտեսվարողներին:
Հիշեցնենք նաեւ, որ ըստ ՍԱՊԾ–ի, նշված համակարգը փետրվարից պետք է գործի ողջ հանրապետությունում: Ասել է թե պետք է որ հեռու չլիներ այն օրը, երբ այլեւս անցյալ կդառնան անձնական մեքենաներով հաց ու այլ մթերքներ տեղափոխելու արատավոր երեւույթները: Բայց տեսնելով մայրաքաղաքի կենտրոնում տիրող իրավիճակը, կարող ենք վստահ պնդել, որ ինչպես Երեւանի, այնպես էլ ողջ հանրապետության սպառողների համար մասնագիտացված մեքենաներով տեղափոխված եւ հիգիենայի չափանիշներին համապատասխանող մթերքից օգտվելն այդպես էլ կմնա երազանք, իսկ ՍԱՊԾ–ի նախաձեռնությունն էլ, ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ՝ թղթի վրա:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում




























