Բրիտանացի երգահան, երգիչ եւ դաշնակահար Էլթոն Ջոնը հաստատել է, որ 2021-ին կդադարեցնի հյուրախաղերը` իր ընտանիքին ավելի շատ ժամանակ հատկացնելու համար, հաղորդում է Sky News-ը:
Մինչ հյուրախաղերի դադարեցումը՝ նա մտադիր է 3-ամյա համաշխարհային շրջագայություն իրականացնել, որի մեկնարկը նախատեսված է 2018-ի սեպտեմբերին:
«Իմ կյանքը փոխվել է, իմ առաջնահերթությունները փոխվել են, իմ գլխավոր նպատակն այժմ իմ ընտանիքն է: Ես դադարեցնում եմ հյուրախաղերը, բայց չեմ դադարում երաժշտությամբ զբաղվել», - ասել է նա:
Ջոնը նշել է, որ իր վերջին շրջագայությունը լավ հնարավորթյուն կլինի «ամբողջ աշխարհի երկրպագուներին շնորհակալություն հայտնելու, իսկ հետո հրաժեշտ տալու համար»:
Daily Mirror-ը ավելի վաղ հայտնել էր, որ Ջոնը առողջական խնդիրների պատճառով դադարեցնում է հյուրախաղերը: Անցյալ տարի երաժիշտը 2 օր ինտենսիվ թերապիայի բաժանմուքնում է անցկացրել եւ եւս 12 օր հիվանդանոց է պառկել վտանգավոր եւ անսովոր հիվանդության պատճառով, որով նա վարակվել էր Հարավային Աֆրիկայով հյուրախաղերի ժամանակ:
Էլթոն Ջոնը, որը մարտի 25-ին կդառնա 71 տարեկան, իր կեսդարյա երաժշտական կարիերայի ժամանակ 30 ալբոմ է թողարկել: Երգիչը Grammy-ի 5 արձանիկ է ստացել, ինչպես նաեւ արժանացել Օսկարի՝ Առյուծ արքան» մուլտֆիլմի երգի համար:
Էլթոն Ջոնը առողջական խնդիրների պատճառով դադարեցնում է հյուրախաղերը



























