Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն է տվել «Անվտանգության խորհրդի ձեւավորման եւ գործունեության մասին» օրինագծին: Համապատասխան որոշումը կայացվել է ՀՀ կառավարության՝ հունվարի 25-ի նիստին: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ տվյալ որոշումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով:

Նախկինում Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը ղեկավարում էր երկրի նախագահը: 2015 թվականին ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարվեցին եւ խորհրդարանական կառավարման ձեւի անցնելու կապակցությամբ կառավարության վերաբերյալ նոր դրույթներ ընդունվեցին: Զգալիորեն փոխվեց հանրապետության նախագահի ինստիտուտը, մասնավորապես՝ նրա լիազորությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ:

Միաժամանակ, սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ազգային անվտանգության խորհուրդը վերանվանվեց Անվտանգության խորհրդի: Նաեւ ամրագրվեց, որ Անվտանգության խորհուրդն է սահմանում պաշտպանության քաղաքականության հիմնական ուղղությունները: Բացի դրանից, սահմանադրական փոփոխությունների համաձայն, ՀՀ Անվտանգության խորհրդի ղեկավարը վարչապետն է, իսկ դրա ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով: