Հայաստանի քաղաքացիները, որոնք պետական ծրագրերի շրջանակում սովորում են արտասահմանյան ուսումնական հաստատություններում, բանակ զորակոչվելու տարկետման իրավունք կստանան: «Զինծառայողների կարգավիճակի եւ զինծառայության մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը հավանություն ստացավ կառավարության հունվարի 25-ի նիստում: Օրինագիծը ներկայացրեց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ այս օրինագիծն ուղղված է Հայաստանի քաղաքացիների կրթության սահմանադրական իրավունքի երաշխավորմանը՝ անկախ ուսումնական հաստատության գտնվելու վայրից: «Օրինագիծն ուղղված է նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերի նվազեցմանը, ինչպես նաեւ զորակոչի տարիքի հասած Հայաստանի քաղաքացիների՝ զորակոչի տարկետման իրավունքների ապահովմանը արտասահմանյան ուսումնական հաստատություններում սովորելու կամ արտասահմանում կրթական ծրագրերի մեջ ներգրավվածության դեպքում»,- նշեց նախարարը՝ շարունակելով, որ այս փոփոխությունները անհրաժեշտ են, որպեսզի արտասահմանում սովորող հայ ուսանողները չդառնան պարտադիր զինծառայությունից ակամա խուսափողներ:




























