Այսօր՝ հունվարի 26-ին, կայացել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստը:
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետներ եւ ոլորտի մասնագետներ։
Օրակարգում քննարկվել են ազատությունից զրկված անձանց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մեխանիզմներին առնչվող խնդիրները։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ պատիժները կատարող մարմինների եւ հիմնարկների պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների եւ անգործության վարչական եւ դատական կարգով բողոքարկման ընթացակարգերի օրենսդրական բացերին եւ գործնական թերություններին:
Քննարկման առարկա են դարձել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից շրջանառության մեջ դրված ազատությունից զրկված անձանց վիճակը բարելավող օրենսդրական մի շարք նախագծերը, որոնք վերաբերում են ազատազրկման դատապարտված եւ կալանավորված անձանց կարճատեւ եւ երկարատեւ տեսակցություններ, ինչպես նաեւ կարճատեւ մեկնումներ տրամադրելուն, կալանավորված անձանց ժամանակավոր վկայական ստանալու հետ կապված խնդիրների լուծմանը, փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար պատասխանատվությունը խստացնելուն:
Հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ կարեւորվել է այն մտածողության արմատավորումը, որ դատապարտյալի նկատմամբ վերաբերմունքի հարցում որոշիչը պետք է լինի ոչ թե նրա կատարած հանցանքի տեսակը կամ ծանրության աստիճանը, այլ նրա վարքագիծը քրեակատարողական հիմնարկում: Սակայն դրա լիարժեք իրացման համար էլ պետք է առաջնահերթ լինեն դատապարտյալին հասարակություն վերաինտեգրելուն ու նրան ազատ արձակմանը նախապատրաստելուն ուղղված գործողությունները:




























