ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր՝ հունվարի 26-ին, տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ պատասխանատուները զեկուցել են 2018 թվականին Հայաստանում կայանալիք կարեւորագույն պետական երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին: Զեկույցները ներառել են նաեւ անցած տարվա հոկտեմբերի 21-ին կայացած խորհրդակցության ընթացքում Հանրապետության նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
Խորհրդակցության սկզբում ՀՀ նախագահը նշել է, որ ակնկալում է առարկայական խոսակցություն ինչպես կազմակերպական, այնպես էլ բովանդակային եւ ֆինանսատնտեսական հարցերի շուրջ, քանի որ, ըստ Նախագահի, միջոցառումների անցկացմանը շատ ժամանակ չի մնացել, եւ անհրաժեշտ է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել ու խստագույնս պահպանել աշխատանքների ժամանակացույցը: Անկախությունից ի վեր նման մասշտաբի պետական միջոցառումների պատշաճ անցկացումը, Հանրապետության նախագահի խոսքով, Հայաստանի Հանրապետության համար կդառնա յուրօրինակ հասունության քննություն:
2018թ. հոկտեմբերի 11-12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների, գագաթնաժողովի շրջանակներում ծրագրված միջոցառումների մասին զեկուցել է արտաքին գործերի նախարար, Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ Էդվարդ Նալբանդյանը:
Հայաստանի Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքների եւ տոնին նվիրված միջոցառումների ծրագրի նախագծով առաջարկվող անելիքների մասին զեկուցել է կառավարության աշխատակազմի ղեկավար, Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված պետական հանձնաժողովի քարտուղար Վահե Ստեփանյանը:
Երեւանի քաղաքապետ, Հանրապետության Նախագահի հրամանագրով ստեղծված հոբելյանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Տարոն Մարգարյանը ներկայացրել է 2018թ. սեպտեմբերի 29-ին եւ 30-ին անցկացվելիք Երեւանի հիմնադրման 2800-ամյակի համաքաղաքային տոնակատարությունների միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը, ինչպես նաեւ մի շարք միջոցառումների մասով իրականացված նախապատրաստական աշխատանքները:
Խորհրդակցությանը մասնակցող շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարները յուրաքանչյուրն իր մասով զեկուցել է Հանրապետության Նախագահի մոտ կայացած նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, այդ թվում՝ տրանսպորտի եւ կապի, ավիացիայի, մշակութային միջոցառումների անցկացման, ԶԼՄ-ների հետ աշխատանքի կազմակերպման, գեղագիտական ձեւավորման՝ տարբերանշանների, հուշանվերների եւ մի շարք այլ ուղղություններով մինչ այժմ իրականացված աշխատանքների եւ հետագա անելիքների մասին:






























