Սասնա ծռերի գործով Աշոտ Պետրսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն այսօր՝ փետրվարի 1-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում միջնորդեց դիմել Արդարադատության խորհուրդ եւ կարգապահական վարույթ հարուցել դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ:

«Միջնորդում եմ դիմել ՀՀ արդարադատության խորհուրդ կարգապահական վարույթ հարուցելու դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ, ով ամբաստանյալների կամքին հակառակ հանրային պաշտպաններ է ներգրավվել նրանց շահերի պաշտպանության համար: Միջնորդում եմ  նաեւ դիմել գլխավոր դդատախազին կարգապահական վարույթ իրականացնել գործով ներգրավված մեղադրողների նկատմամբ, որոնք տեսնում են, որ անձի սահմանադրական իրավունքը խախտվում է, սակայն ոչինչ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ: Նաեւ միջնորդում եմ փաստաբանների պալատ դիմել եւ կարգապահական վարույթ իրականացնել այն հանրային պաշտպանների նկատմամբ, որոնք շարունակում են մնալ դատական նիստերի դահլիճում եւ ձեւացնել, իբր պաշտպանում են Աշոտ Պետրոսյանի շահերը»,-ասաց Արայիկ Պապիկյանը:

Մնացած պաշտպանները նույնպես միացան Արայիկ Պապիկյանի ներկայացրած  միջնորդությանը:

Պաշտպան Մուշեղ Շուշանյան էլ հանրային պաշտպաններին մեղադրեց, ասելով, որ նրանք անկախ իրենց կամքից հանդես են գալիս մեղադրանքի դիրքերից:

Անուշ Մխիթարյանն էլ վրդովվեց պաշտպան Շուշանյանի խոսքերից, ասաց, որ  կոռեկտ չէ նման կերպ արտահայտվել, ինքն էլ կարող է նրանց մեղադրել, որ մեղադրանքի դիրքերից են հանդես գալիս, քանի որ բազմաթիվ անգամներ չեն բողոքարկել դատարանի որոշումների դեմ:

Մեղադրողն էլ հայտարարեց, որ միջնորդությունն անհիմն է եւ պետք է մերժվի:

Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց ներկայացված միջնորդությունները:

Սասնա ծռերի բոլոր անդամները ցուցադրաբար լքեցին նիստերի դահլիճը: Դատավորը նրանց նկատմամբ սանկցիա կիրառեց եւ 5 ժամով հեռացրեց դատական նիստերի դահլիճից:

Դատարանը  նաեւ մերժեց Հայկ Ալումյանի ներկայացրած միջնորդությունը, քանի որ նախօրոք դատաքննության կարգ է որոշվել եւ հնարավոր չէ Կարո Եղնուկյանի մասով առանձնացված դատաքննություն  կազմակերպել:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: