ՀՅԴ-ն վաղվանից հացադուլ է սկսում՝ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ: ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե տեղյակ չէ, ովքեր են մասնակցելու հացադուլին, քանի որ դա ոչ թե ՀՅԴ Բյուրոյի, այլ Գերագույն մարմնի խնդիրն է: Ի դեպ, ՀՅԴ-ականներն իրենց հացադուլով կրկին պահանջելու են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը:

Իսկ ինչո՞ւ ՀՅԴ-ն չի պահանջում նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, հարցին Վահան Հովհաննիսյանն ուղղակի հայտարարեց, երկրի նախագահը ըստ Սահմանադրության, ուղղակի ներկայացրել է արտաքին քաղաքական ուղենիշները, իսկ արձանագրությունների վերաբերյալ բանակությունները վարել է գործադիր մարմինը: «Նախագահն ասել է՝ հարաբերություններ առանց նախապայմանների, իսկ գործադիրը հասցրել է նրան, որ պայմանագրում, ըստ էության, նախապայմաններ կան, եւ նախագահին դրել է վատ դրության մեջ»,- ազդարարեց իրեն ընդդիմադիր համարող Վահան Հովհանանիսյանը՝ ձեռքի հետ էլ հավելելով, որ եթե Սերժ Սարգսյանը հետեւություններ չանի, կհայտնվի ՀՅԴ հասցեատերերի ցանկում:

Ի դեպ, Վահան Հովհաննիսյանը ասուլիսին հայտարարեց, թե առաջիկա շաբաթներին կայանալիք իրենց բողոքի գործողություններին մասնակցելու է հասարակության մի զգալի մասը՝ մոռանալով, որ օրեր առաջ ՀՅԴ՝ նույն հարցի վերաբերյալ անցկացված հանրահավաքին մասնակցում էր ընդամենը մի քանի հարյուր հոգի: