Այսօր՝ դեկտեմբերի 30-ին տեղի է ունեցել Կառավարության 2010 թվականի վերջին՝ 51-րդ նիստը։ Նիստի ընթացքում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ամփոփել է 2010 թվականի ձեռքբերումները։ Նա մասնավորապես նշել է, որ տարին ավարտում ենք նախատեսված 1,2 տոկոս տնտեսական աճի փոխարեն գրանցած 2,6 տոկոս աճով։ Վարչապետի խոսքով, այդ աճը ձեռք է բերվել գյուղատնտեսության 14,5 եւ շինարարության 4 տոկոս անկման պարագայում։
Ինչպես նկատել է Տիգրան Սարգսյանը, հիմնական աճը ձեռք է բերվել արդյունաբերության եւ ենթակառուցվածքների զարգացման շնորհիվ, ինչը 2011-2012 թվականներին թույլ կտա դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսությունը։ Ըստ վարչապետի, հետճգնաժամային Հայաստանի տնտեսությունը տարբերվելու է նախաճգնաժամային Հայաստանի տնտեսությունից, որը հիմնականում հենված էր շինարարության վրա։ Իսկ հետճգնաժամային Հայաստանը, վարչապետի համոզմամբ, հիմնականում հիմնվելու է արդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտների աճի վրա։



























