Այսօր՝ դեկտեմբերի 30-ին կառավարության նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը բավական զայրալից տոնով «ագրեսիա» որակեց այն անձանց հայտարարությունները եւ բողոքները, որոնք ուղղված են պարտադիր ավտոապահովագրության դեմ։ Վարչապետի զայրույթն առաջին հերթին ուղղված էր «Ժառանգություն» կուսակցության դեմ, որն ինչպես հայտնի է՝ ԱՊՊԱ-ի դեմ բողոքող հիմնական քաղաքական ուժն է, եւ նույնիսկ բողոքի ավտոցույց է կազմակերպել։
«Միջազգային փորձագետը գալիս, բացատրում է, մյուս օրը ցեխ են լցնում փորձագետի գլխին, քննադատում են նրան։ Այն քարոզիչները, որ կոչ են անում չապահովագրել ավտոմեքենաները, կփոխհատուցե՞ն մարդկանց վնասները։ «Ժառանգությունն» իր վրա կրո՞ւմ է այդ պատասխանատվությունը»,– զայրացած ասաց վարչապետը։





























