«Սասնա ծռերի» գործով մեղադրող Պետրոս Պետրոսյանի վարքագծի դեմ «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության ներկայացրած բողոքն այժմ գտնվում է Վերաքննիչ դատարանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արա Ղարագյոզյանը։

«6-7 ամիս առաջ Պետրոս Պետրոսյանը իմ պաշտպանյալին՝ Արայիկ Խանդոյանին է հայհոյել ու այդ բողոքը առաջին ատյանի դատարանը մերժել է, այժմ գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում»,- ասաց պաշտպանը։

Նշենք, որ Պետրոս Պետրոսյանը շարունակում է նման վարքագիծ դրսեւորել դատարանում։

Մեղադրող Պետրոսյանը այսօր եւս վիրավորեց «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանին՝ նրան անվանելով «թուրք»։ Պաշտպան Արա Ղարագյոզյանը պնդում է,  որ պետք է քրեական գործ հարուցվի Պետրոս Պետրոսյանի դեմ՝ նրա վարքագծի հետ կապված, քանի որ դա կարծես ավանդույթ է դարձել։