17-ամյա դեռահասը, որ հրաձգություն էր սկսել Նեբրասկայի Օմահա քաղաքի դպրոցում, գրություն էր թողել Facebook ցանցի իր էջում:

«Ես ներողություն եմ խնդրում բոլորից, բայց Օմահան փոխեց ինձ, իսկ դպրոցն ավելի վատն է: Դուք շուտով կլսեք այն չարիքի մասին, որ ես անելու եմ, բայց դրան ինձ դրդել է դպրոցը»,- ասված է Ռոբերտ Բատլեր-կրտսերի գրության մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել Օմահայի Millard South High School-ում: Ոստիկանության դետեկտիվի 17-ամյա որդին կրակ է բացել դպրոցի տնօրեն, 45-ամյա Քերթիս Քեյսի եւ նրա տեղակալ, 58-ամյա Վիկի Քասպարի վրա: Վերջինս մահացել է հիվանդանոցում ստացած վնասվածքներից:

Դեռահասի դին ավելի ուշ հայտնաբերվել է դպրոցի մերձակայքում, իր մեքենայի մեջ: Նախնական տվյալներով, նա ինքնասպան է եղել: Հայտնի է, որ դետեկտիվի որդին այդ դպրոց էր տեղափոխվել երկու ամիս առաջ:

Պրոցի փոխտնօրենը ժամանակավորապես հեռացրել էր Բատլեր-կրտսերին` մեքենայով դպրոցի մարզադաշտ մտնելու համար: Դրանից հետո էլ աշակերտը վերցրել էր զենքն ու հաշվեհարդար տեսել դպրոցում: