Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով այսօր՝ փետրվարի 27-ին, դատարանում ցուցմունք տվեց Արտաշատի բնակիչ Ռաֆիկ Դավթյանը: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասություն դատարանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի նստավայրում վկան հայտնեց, որ 2016թ. աշխատել է ուղեւորափոխադրող ընկերությունում որպես վարորդ, իսկ դեպքի օրը՝ հուլիսի 29-ին, ընկերության տնօրենը իրեն եւ մեկ այլ վարորդի հրահանգել է «Պազ» մակնիշի ավտոբուսներով X զորամասից ոստիկաններին տեղափոխել Էրեբունի համայնք՝ ՊՊԾ գնդի մոտակայք, որը, գրավված էր «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից:
«Կրակոցներ եղան մեքենայի վրա՝ այն բանից հետո, երբ ոստիկանները իջան, գնացին, կրակում էին գնդի կողմից: Ասի՝ Սամվել, փախանք, էդ ընթացքում ոստիկանների մոտ պատսպարվեցինք, մինչեւ կրակոցները դադարեցին: Հետո կրակոցներից վնասված անվադողերը փոխեցինք ու լուսաբացին գնացինք տուն»,-պատմեց Ռաֆիկ Դավթյանը:
Ռաֆիկ Դավթյանը նաեւ հայտնեց, որ դեպքի հաջորդ օրը քննիչների կողմից «Պազ»-ի զննության արդյունքում արձանագրվել է, որ մեքենային փամփուշտի վեց գնդակ է կպել:
Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երեւանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է:




























