Երեքշաբթի «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գնդակոծել են Արեւելյան Գուտայում հումանիտար միջանցքը, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ գրոհայինները Վաֆիդինի փախստականների ճամբարի վրա արձակել են 5 նռնականետային արկ:

Վաֆիդինում Սիրիայի իշխանությունները Սիրիայում ՌԴ հակառակորդ կողմերի հաշտեցման կենտրոնի աջակցությամբ պայմաններ էին ստեղծել Դամասկոսը Արեւելյան Գուտային կապող միակ հումանիտար միջանցքով խաղաղ բնակիչներին ընդունելու համար:

Հումանիտար միջանցքի ելքի անվտանգությունն ապահովում են ռուսական ռազմական ոստիկանությունը եւ Սիրիայի բանակի զինծառայողները: Հումանիտար միջանցքի մոտ գտնվող Ալ Դուվեյր բնակավայրում կազմակերպվել է շարժական բուժկետ հիվանդներին օգնություն ցուցաբերելու նպատակով, ավտոբուսներ են նախապատրաստվել խաղաղ քաղաքացիներին ժամանակավոր բնակավայրեր տեղափոխելու համար: